Որոնում կայքում
Եղանակի տեսություն

Եղանակը Լոռիում

Տարադրամի փոխարժեք

ՀՀ ԿԲ տարադրամի փոխարժեք (AMD)

Հարցում
Գնահատեք մեր նոր կայքը:
 

CMIS

Տնտեսություն

Այն ինչով հայտնի է Ախթալան եւ ինչով հպարտանում են տեղացիները, դա ոչ միայն նաշանավոր միջնադարյան ամրոցն ու վանական համալիրն է, այլ նաեւ տեղի պղնձահանքը: Բնակավայրը Ախթալա անվանմամբ առաջին անգամ հիշատակվում է 1437թվականին: Ենթադրաբար այդ շրջանում այստեղ վերսկսվել է պղնձի մասնակի արդյունահանումը: Ախթալայաում պղնձի եւ արծաթի արդյունահանմանը զարկ տալու նպատակով 1763 թվականին վրաց Հերակլ արքան Տրապիզոնի մոտակայքի Գյումուշխանա բնակավայրից այստեղ է հրավիրում հույն հանքագործների ընտանիքների եւ Ախթալայում գործարան է հիմնում:

Պատմիչների հավաստմամբ Ախթալայի գործարանը տարեկան վրաց արքունիքին տվել է հարյուր ֆունտ մաքուր ոսկի, որը հավասար է 41 կիլոգրամի: Այն ժամանակվա չափանիշներով դա պատկառելի արդյունավետություն էր: Վրաց արքան 1763 թվականին կառուցում է Ախթալայի գործարանը, 1770 թվականին պղնձի արտադրություններ է բացում նաեւ Ալավերդիում եւ Ուչքիլիսեում (Մանից գոմեր` ներկայիս Շամլուղի տարածքում):

Հանքերում աշխատանքը կատարվում է պարզունակ աշխատանքային գործիքներով` քլունգ, բահ, կաշվե պարկեր… Բեռնակիր բանվորները հանքաքարը շալակած հանում էին հանքից, որից հետո սայլերով տեղափոխում ձուլարան: Աշխատանքի այս եղանակը պահպանվեց  եւ որոշակի փոփոխությունների ենթարկվեց սոսկ 19-րդ դարի սկզբին, երբ ռուսական կայսրությունը հատուկ ուշադրություն դարձրեց տեղում պղնձի արդյունաբերության զարգացմանը:

Նոր էր բնակավայրը որտքի կանգնել, երբ Ախթալան կրկին ավարառության ենթարկվեց: Ավարիայի Ումմա խանը հարձակվեց վրաց թագավորության վրա, շրջանցեց Թիֆլիսը, մտավ Բորչալուի դաշտ  եւ ավերելով բնակավայրերը` հասավ Ախթալա: Բնակչությունը  եւ հանքերի բանվորները ապաստանեցին եկեղեցում  եւ ամրոցում:Ումմա խանը գրավեց ամրոցը, շուրջ 640 հոգու սրի քաշեց, ավելի քան 800-ին` գերեվարեց: 1786 թվականին Լոռի բերդում Հերակլ 2-րդը Ումմա խանի հետ հաշտություն կնքեց, ըստ որի վրաց թագավորը երկիրը արառությունւց փրկելու համար պատրաստվում էր տարեկան հարկ վճարել լեզգիներին:

1795 Պարսկաստանի Աղա-Մուհամմեդ խանը արշավեց Թիֆլիսի վրա, ճանապարհին գրավեց Ախթալան, ավերածությունների ենթարկեց, քանդեց գործարանները, սրախողխող արեց շուրջ 700 հոգու: Պղնձի արդյունահանումը վերսկսվեց միայն 1801 թվականին, երբ հյուսիս-արեւելյան Հայաստանի այլ շրջանների հետ վրացական պետության կազմում Ախթալան եւս միացավ ռուսական կայսրությանը:

Դեռեւս 1799 թվականին ռուսական կաբինետը լեռնային ինժեներ Կոմս Ալեքսեյ Մուսին-Պուշկինին գործուղել էր տարածաշրջան, որպեսզի նա տեղում զննի պղնձի արդյունաբերության զարգացման հեռանկարները: Մուսին-Պուշկինը հեռանկարային ծրագիր ներկայացրեց , որի իրականացումը սկսվեց 1802 թվականին: Ռուսները վերականգնեցին Ախթալայի եւ Ալավերդու ավերված գործարանները: 1803 թվականին Կոմս Ալեքսեյ Մուսին-Պուշկինը պայմանագիր ստորագրեց Լոռու իշխանների Լորիս-Մելիքովների (որոնց պատկանում էր Ախթալայի տարածքը հանքերով հանդերձ) եւ Արղությունների (որոնց պատկանում էր Ալավերդին) հետ, որով այս տարածքները ռուսական կայսրությունը գնեց նրանցից:

Գործարանների աշխատանքը կազմակերպելու համար նրանց կցեցին շրջակա գյուղերի բնակիչներին: Գյուղացիներ եւ պարտավոր էին գործարանի համար փայտ, ածուխ, յալ անհրաժեշտ պարագաներ մատակարարել, աշխատել գործարան տանող ճանապարհների, կամուրջների շինարարության վրա: Այն գյուղացիները, ովքեր աշխատում էին իրենց ձիերով կամ լծկան այլ անասուններով ստանում էին 6 ռուբլի աշխատավարձ, իսկ մյուսները` 4.5 ռուբլի: Ախթալայի հանքերին կցված գյուղացիության վիճակը ծանր էր: Ըստ որոշ տվյալների` նման 500 տնտեսությունների ուղիղ կեսը փախել էր ճանր աշխատանքի եւ անտանելի կենցաղային պայմանների պատճառով: 185-ականներին Կովկասի փոխարքա Վորոնցովի կարգադրությամբ Ախթալայի հանքերում մտցվեց ազատ վարձու աշխատանքի կարգ: 19-րդ դարի սկզբին գործարանն արտադրում էր տարեկան 16000 փութ պղինձ, որը հիմնականում սպառվում էր տեղում: Ախթալայի գործարանում ռուսական կայսրությունը ձուլում էր նաեւ դաշտային փոքր թնդանոթներ: 19-րդ դարի կեսին Ախթալայի եւ Ալավերդու գործարանները միասին տալիս էին ողջ ռուսական կայսրությունում արդյունահանվող պղնձի շուրջ 30 տոկոսը:

XIX դարից Ախթալայում նկատվում է տնտեսական կյանքի աշխուժացում: Ռուսական կայսրությունը հատուկ ուշադրություն է դարձնում հանքերին: Կտրուկ ավելանում է աշխատողների թվաքանակը, մեծանում են արդյունահանման ծավալները, որի արդյունքում բնակչության շարժ է նկատվում շրջակա բնակավայրից դեպի Ախթալա: Ախթալայի բնակչությունը այդ տարիներին բազմազգ էր` հայեր, հույներ, վրացիներ, թուրքեր, պարսիկներ, ֆրանսիացիներ, ռուսներ, ուկրաինացիներ:

1828-ին, Արեւելյան Հայաստանի` ամբողջությամբ Ռուսաստանին միանալուց հետո, ռուսական կառավարությունն ավելի մեծ ուշադրությւոն դարձրեց երկրամասի տնտեսական հզորությունների շահագործմանը: Ախթալան մտնում էր Թիֆլիսի նահանգի Բորչալու գավառի մեջ: 1816-ին կառավարությունը Ախթալա-Շամլուղի հանքերը կապալով տվեց հոըյն ձեռնարկատերերին:

1861 թվականին Ախթալայում հիմնվեց պղնձաձուլական գործարան, որը տարեկան տալիս էր միջինը 5500 փութ մաքուր պղինձ: Այդ ժամանակ կարմիր պղինձ զտելու համար գործարանում աշխատում էին 16 շախտային վառարաններ, 3 հնոցներ եւ 3 հաստոցներ:

1887 թվականին Ալավերդու հույն հանքագործների բաժնետիրական ընկերությունը Ախթալայի գործարանը 30 տարի ժամանակով կապալով հանձնեց «Ախթալայի հանքեր ընկերությանը», տարեկան 9000 ռուբլի վճարով: 1887թ. համեմատությամբ 1888-1907թթ. ընկերությունը կրկնապատկեց պղնձի արդյունահանումը:

1897թ. «Ախթալայի հանքեր ընկերությանը» վերակազմավորվեց, զգալիորեն մեծացավ ֆրանսիական կապիտալի մասնակցությունը: Այն կոչվեց «Կովկասյան արդյունաբերական մետաղագործական ընկերություն», որի գլխավոր վարչությունը գտնվում էր Փարիզում: Ընկերությունը կարճ ժամանակում տեխնիական բարեփոխումներ կատարեց եւ ավելացրեց հանքերի շահույթը: Կատարվեց նաեւ շինարարական աշխատանքներ եւ բարեկարգումներ: Ֆրանսիական ընկերությունը Ախթալայի տեղամասից 1906-1907թթ. ստացել է 77000, 1907-1908թթ` 97700, 1908-1909թթ` 147000 փութ պղինձ: 1910թվականին այն միացավ «Կովկասյան ընկերությանը», որի տնօրենն էր Անդրեյ Պրոկոֆեւիչ Իվանովը:

1896 թվականին սկսվեց երկաթուղու Ախթալայի տեղամասի շինարարությունը: Նախապես պլանավորված էր, որ երկաթուղին պիտի շրջանցեր Լոռին եւ Ջավախքից ուղղակի մտներ Շիրակի դաշտավայր: Սակայն ֆրանսիական ընկերությունը որպեսզի կարողանար արտահանել Ախթալայի պղինձը, բանակցություններ վարեց կառավարության հետ, ստանձնեց տեղամասի շինարարության ծախսերը եւ արդյունքում երկաթուղին անցավ Լոռու ձորով: 1899 թվականի փետրվարի 7-ին շահագործման հանձնվեց Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթգիծը, եւ առաջին գնացքը մտավ Ախթալա: Սա, ինչ խոսք, մեծապես նպաստեց պղնձի արդյունաբերության զարգացմանը Լոռիում:

1905 թվականին Ախթալայի հանքերում բանվորական ելույթների արդյունքում սահմանվեց 9 ժամյա աշխատանքային օր, հիմնվեց բանվորների մասնակցությամբ դատարան, տրվելու էր ձրի բուժօգնություն, հիվանդներին` նպաստներ եւ այլն:

1902 թվականի դեկտեմբերի 15-ին Ախթալայի եկեղեցուն կից բացվեց նաեւ դպրոց, ուր սովորում էին բանվորների երեխաները:

Գործարանն իր անընդմեջ աշխատանքը շարունակեց միչեւ 1917 թվականը: Հոկտեմբերյան հեղաշրջման արդյունքում, երբ թուրքական բանակը մտավ Անդրկովկաս եւ էական վտանգ էր սպառնում նաեւ Ախթալային,պղնձի արդյունահանումը դադարեց::

1918 թվականի մայիսի 28-ին, երբ հռչակվեց Հայաստանի հանրապետությունը, Ախթալան եւ Լոռին մտան ՀՀ վարչական սահմանների մեջ:

Խորհրդային իշխանության տարներին սկսվեց Ախթալայի հանքարդյունաբերության զարգացման նոր փուլը: Դեռեւս 1921թ. հունվարի 11-ի Հայհեղկոմի դեկրետով ազգայնացվեց Հայաստանի լեռնային հարստությունը: Սակայն, քանի որ Լոռին այդ ժամանակ մաս չէր կազմում Խորհրդային Հայաստանի , դեկրետը Ախթալայի հանքաշխարհում գործածության մեջ դրվեց ամիսներ անց:

1924թ. դեկտեմբերի 13ին ԽՍՀՄ Աշխատանքի եւ պաշտպանության խորհուրդը 960 000 ռուբլի հատկացրեց Հայաստանին` Լոռու եւ Զանգեզուրի պղնձի արդյունաբերությունը վերականգնելու համար:

Մեծ աշխատանքներ տարվեցին հանքարդյունաբերության զարգացման եւ արտադրական ծավալների մեծացման ուղղությամբ: Չնայած դրան, դեռեւս 1930-ական թվականներին հանքերում որպես քարշող ուժ եւ տրանպորտ օգտագործում էին ձիեր: Հանքաքարը տեղափոխելու համար Ախթալայի եւ Շամլուղի հանքաշխարհում աշխատում էին 120 մարդ, կար 100 ձի:

1920-ական թվականների կեսերից Ախթալայի եւ Շամլուղի հանքերը միացվեցին Ալավերդու կոմբինատին: 1926-1927թթ. միայն Շամլուղի հանքերը տալիս էին տարեկան միջինը 24 հազար տոննա հանքաքար:

Ախթալայի եւ Շամլուղի հանքերը 1930-ականներին վերազինվեցին նոր տեխնոլոգիաներով եւ սկսեցին մեծ ծավալով արտադրանք տալ:

1944 թվականին Շամլուղի հանքվարչության կոլեկտիվն արժանացավ ՀամԿԽ եւ ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի ժողկոմատի 3-րդ մրցանակին:

Արտադրության զարգացմանը նպաստեց նաեւ Ախթալա եւ Շամլուղ քաղաքների բնակչության թվաքանակի ավելացմանը եւ համայնքների զարգացմանը: Այստեղ համատեղ ապրում եւ աշխատում էին տարբեր ազգերի ներկայացուցիչներ` հայեր, հույներ, վրացիներ, թուրքեր, ռուսներ… Մասնավորապես` Շամլուղ քաղաքում բնակվում էին 18 ազգերի ներկայացուցիչներ, եւ այն համարվում էր Հայաստանի ամենաբազմազգ բնակավայրը:

1948 թվականին բացվեցին Բարիտի հանքերը, որի տնօրենը Միքայել Միրզոյանն էր: 1950 թվականից գործում է Ախթալայի հանքվարչությունը, որի առաջին տնօրենը Անդրանիկ Չախկալյանն էր: 1958 թվականին Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի տնօրեն Հակոբ Սարգսյանի ջանքերով Ախթալա-Շամլուղի հանքերը միացվեցին ֆաբրիկային:

 
Ընտրեք լեզուն
Armenian English French German Greek Italian Russian Spanish