Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) համարվում է 21-րդ դարի ստրկություն, որը հաճախ անվանում են նաև «սպիտակ ստրկություն»:
Եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման.

Նախքան մեկնելը, համոզեք, որ Ձեր անձնագիրը առնվազն վեց ամիս վավերական է արտերկրում։

Ստուգեք նշանակության երկրի մուտքի և վիզային ռեժիմի պայմանները, ինչպես նաև մաքսային ռեժիմի պայմանները։ Պահպանեք մուտքի թուլտվությունում նշված ժամկետները, քանի որ օտար երկրում վիզայի ժամկետից երկար մնալը Ձեզ կդնի անօրինական կարգավիճակի մեջ։ Ձեր մուտքի թույլտվությունում պետք է նշվի տվյալ երկիր Ձեր մեկնելու նպատակը` ուսում, աշխատանք, բուժում կամ էլ պարզապես այցելություն։

Ուսումնասիրեք այցելության երկրի միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը, այդ երկրի սովորույթները։ Առանց նշանակության երկրում աշխատելու իրավունքի Դուք չեք կարող այնտեղ օրինական կերպով աշխատել։ Աշխատանքի իրավունքը պետք է ստանալ նախքան մեկնելը։

Ոչ ոքի մի վստահեք Ձեր անձնագիրը։ Ձեր անձը հաստատող փաստաթղթերը միշտ պետք է գտնվեն միայն Ձեզ մոտ և ոչ ոք իրավունք չունի դրանք Ձեզանից վերցնելու։

Ձեզ հետ վերցրեք անձնագրի, վիզայի, հրավերի, պայմանագրի պատճենները, անձնագրի լուսանկարներ և պահեք դրանք անձնագրից առանձին, որպեսզի անձնագիրը կորցնելու դեպքում հեշտ լինի այն վերականգնելը։

Պատճենահանեք բոլոր փաստաթղթերը` անձնագիրը, պայմանագիրը, հրավերը, վիզան։

Լուսանկարները և պատճենները պահեք Ձեզ մոտ։

Պատճեններ թողեք նաև Ձեր հարազատների և մտերիմների մոտ։

Անձնագրի և պայմանագրի պատճենները, Ձեր վերջին լուսանկարը թողեք նաև տանը` Ձեր հարազատների մոտ։ Նրանց մոտ թողեք նաև մանրամասն տեղեկություններ արտասահմանում Ձեր կանգ առած վայրի մասին` հասցեով և հեռախոսահամարներով, մանրամասն տեղեկություներ հրավիրող կողմի կամ գործատուի մասին, նաև ձեր արտասահմանյան ընկերների հասցեները։

Հարազատների հետ պայմանավորվեք, թե ձեր մասին կոնկրետ երբ և ինչպես եք տեղեկություններ հայտնելու։

Մշտապես կապ պահպանեք հարազատների հետ։

Չմոռանաք Ձեզ հետ վերցնել արտասահմանում հայկական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցիչների հասցեներն ու հեռախոսահամարները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (օրինակ` Միգրացիայի միջազգային կազմակերպության, Կարմիր Խաչի) հասցեները։ Տեղեկություններ հավաքեք այցելության երկրի հայկական համայնքի մասին։

Արտասահմանում ոչ մեկից կասկածելի նվերներ մի վերցրեք։ Կարիք չկա որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն ունենալ։

Մի մոռացեք, որ օտար լեզվի թեկուզ տարրական բառերի իմացությունը զգալիորեն կթեթևացնի արտասահմանում Ձ եր գտնվելը և ծանր պահին կփրկի Ձեզ։
Եթե դուք պատրաստվում եք պայմանագիր կնքել արտասահմանում աշխատելու կամ սովորելու նպատակով.
Խուսափեք պատահական և նույնիսկ ծանոթ մարդկանց` արտասահմանում աշխատելու, սովորելու, ամուսնության գայթակղիչ առաջարկներից։

Հիշեք, որ աշխատանքի տեղավորման, ուսուցման կազմակերպման, ամուսնության վերաբերյալ քաղաքի (գյուղի) ամենատարբեր վայրերում փակցված, թերթերում, համացանցում տեղադրված հայտարարությունները միշտ ճշգրտման և հստակեցման կարիք ունեն։

Մանրամասն հետաքրքրվեք հրավիրող արտասահմանյան ֆիրմայի, կազմակերպության և միջնորդ գործակալությունների (տուրիստական, ամուսնական, աշխատանքային, ուսումնական) օրինական գործունեության իրավական կարգավիճակի և համբավի մասին։

Եթե Դուք պատրաստվում եք աշխատել կամ սովորել արտերկրում, պայմանագիրը կնքեք Հայաստանում, նախքան մեկնելը, այլ ոչ թե արտասահմանյան երկիր գնալուց հետո։

Հոգացեք այն մասին, որպեսզի պայմանագիրը կազմված լինի Ձեր մայրենի և կամ էլ Ձեզ հասկանալի լեզվով, որպեսզի դուք հասկանաք աշխատանքի բոլոր մանրամասներն ու պայմանները։

Անմիջապես մի ստորագրեք պայմանագիրը։ Այն վերցրեք Ձեզ հետ, հանգիստ պայմաններում վերընթերցեք, ցույց տվեք մասնագետներին։ Եթե պայմանագրի պահանջները Ձեզ չեն բավարարում, մի ստորագրեք այն։

Ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր ապագա աշխատանքի (ուսուցման) պայմանները, տեղը, ժամանակը, աշխատավարձի չափը հստակ ձևակերպված լինեն։

Ուշադիր եղեք, որ պայմանագիրը ստորագրված լիննի ֆիրմայի տնօրենի, պրեզիդենտի կողմից։ Եթե այն ստորագրված է պաշտոնակատարի` փոխտնօրենի, փոխպրեզիդենտի կամ մեկ այլ անձի կողմից, պահանջեք, որպեսզի Ձեզ տրամադրեն պայմանագիր կնքելու իրավասությունները հաստատող փաստաթղթեր` տնօրենի կամ պրեզիդենտի հրաման, լիազորագիր (նոտարի հաստատմամբ, կնիքի առկայությամբ)։

Պատճենահանեք ստորագրված պայմանագիրը (ցանկալի է պատճենահանել բոլոր փաստաթղթերը) և թողեք հարազատների, մտերիմների մոտ։

Եթե դուք դժվար իրավիճակում եք հայտնվել կամ Ձեզ ինչ-որ մեկը սպառնում է, դիմեք Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ծառայություններին, տեղի հայ համայնքին, տեղի ոստիկանական ծառայություններին, համապատասխան հասարակական կամ միջազգային կազմակերպություններին։

Նախքան արտերկիր մեկնելը զանգահարեք, ստացեք անհրաժեշտ իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն:

Եթե դուք կամ ձեր հարազատներից մեկը դարձել է շահագործման և թրաֆիքինգի զոհ, օգտվեք բժշկական, հոգեբանական և իրավաբանական անվճար խորհրդատվության հնարավորությունից:
ԶԱՆԳԱՀԱՐԵՔ
Թեժ գծի անվճար հեռախոսահամարով`
0-800-50-558